Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Երեք ամիս անց՝ ինչ են վճռել Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը

Երեք ամիս անց՝ ինչ են վճռել Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը
19.02.2021 | 12:13

Կառնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը փետրվարի սկզբին զեկույց է ներկայացրել Ղարաբաղում իրավիճակի մասին՝ թվարկելով դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական խնդիրները, որ չեն լուծվել 2020-ի սեպտեբեր-նոյեմբերի պատերազմից հետո: Պատերազմն ավարտվել է 3 ամիս առաջ, հաղթողը պարտվողի հետ տեղերով փոխվել է, բայց կոնֆլիկտը չի սպառվել՝ ադրբեջանցիների ու հայերի թշնամանքը շարունակվում է, իսկ Ռուսաստանը դժվար ընտրության առաջ է: 44 օր տևած պատերազմն ավարտվեց 2020-ի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ: Ադրբեջանը վերադարձրեց 7 շրջանները և Լեռնային Ղարաբաղի մեկ երրորդը (եթե դիտարկենք Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում ԼՂԻՄ-ի տարածքը): Սա հակիրճ փաստաթուղթ է, առանց մանրամասների և շատ կետեր մեկնաբանվում են արմատականորեն հակառակ: Օրինակ՝ հայտարարությունը նախատեսում է Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը: կատարվե՞լ է այդ կետը: Այդ հարցին Բաքվում ու Երևանում տարբեր պատասխաններ են տալիս: Հայկական կողմը գտնում է, որ այդ կետը վերաբերվում է միայն այն տարածքներին, որոնք վերադարձվել են Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջաններին: Ադրբեջանը պնդում է՝ հիմա Հայաստանի զինվորները պետք է հեռանան Ղարաբաղի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող մասից, ու նույնիսկ Հայաստանի կառավարության պաշտոնյաները պետք է Բաքվից թույլտվություն խնդրեն այդ տարածք մեկնելու համար: Երկու կողմերի համար էլ դա սկզբունքային հարց է, և համարյա հույս չկա բոլոր կողմերին ձեռնտու տարբերակ գտնելու:


Հայտարարության կետերից մեկը ռազմագերիների ու զոհվածների մարմինների վերադարձին էր վերաբերում: Երեք ամիս անց այդ թեման մնում է ցավոտ պրոբլեմ: Տասնյակներով, որոշ գնահատականներով 100-ից ավելի հայ գերիներ մնում են Ադրբեջանում և անհայտ (բայց ոչ մեծ) թվով ադրբեջանցիներ գտնվում են հայկական գերության մեջ: Ավելին՝ 60-ից ավելի հայեր գերի են վերցվել պատերազմի ավարտից հետո և Բաքվում ցանկանում են նրանց դատել իբրև հանցագործների, ոչ թե վերադարձնել իբրև ռազմագերիների: ՄԱԿ-ը դատապարտել է գերիների վերադարձի ձգձգումները և կողմերին կոչ է արել անհապաղ վերադարձնել՝ ինչպես պահանջում է Ժնի կոնվենցիան, որ կարգավորում է պատերազմ վարելու կանոնները:


Նոյեմբերի 10-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարգավորում Թուրքիայի դերը Ղարաբաղում, բայց վերջին մեկ տարում Անկարան դարձել է տարածաշրջանային գործընթացների առանցքային մասնակից; Թուրքիայի ռազմական տեխնիկան, հատկապես հարվածային ԱԹՍ-ները, կարևոր դեր խաղացին Ադրբեջանի հաղթանակի մեջ: Բայց Անկարան նաև հավակնում է մասնակցել դիվանագիտական գործընթացներին՝ կտրուկ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ տարիներով վարում էր Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը: Այս պահին Թուրքիան ստացել է միայն սահմանափակ դեր Աղդամին մերձակա՝ Ռուսաստանի հետ համատեղ վերահսկողական կենտրոնի շրջանակներում: Ռուսաստանի հետ պայմանագրի համաձայն՝ թուրք զինվորականները՝ կենտրոնը չլքելով՝ հետևում են հրադադարին ԱԹՍ-ների տեսագրություններով:


Երկու ազգերի թշնամանքն արտահայտվում է և պատմական վեճերով: Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել բազմաթիվ միջնադարյան հայկական հուշարձաններ: Ղարաբաղի հյուսիսում գտնվող Դադիվանքը իրենց պահպանության տակ են վերցրել ռուս խաղաղապահները, բայց քրիստոնեական մյուս հուշարձանների ճակատագիրը հարուցում է հայ և ռուս մշակույթի գործիչների տագնապը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկանում է պատվիրակություն ուղարկել Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու, բայց Բաքուն արգելափակում է առաքելությունը և պահանջում է պատասխանել հարցին՝ որտե՞ղ էր միջազգային հանրությունը, երբ ոչնչացվում ու պղծվում էին թուրքական ու իսլամական մշակույթի հուշարձանները հայկական ուժերի օկուպացրած 7 շրջաններում: Թոմ դե Վաալը նշում է, որ հայկական հուշարձանների ճակատագրով մտահոգությունը միայն ուժեղացնում է հայկական մշակույթի հետքերի ոչնչացման նախադեպերը Ադրբեջանում և Ադրբեջանի իշխանության հայտարարությունները, որ միջնադարյան հուշարձանները իրականում Կովկասյան Ալբանիայինն են: Այդ վարկածը Ադրբեջանից դուրս պատմաբանները չեն հաստատում:


Ռուս խաղաղապահների հնգամյա մանդատը ենթադրում է խաղաղության պահպանումը, իրականում համարյա 2000 խաղաղապահները զբաղված են խնդիրների շատ ավելի մեծ շրջանակով՝ ինֆրակառույցների նորոգումից մինչև փախստականներին օգնությունը: Բոլոր այդ խնդիրները Լեռնային Ղարաբաղի՝ հայերի վերահսկողության տակ մնացած հատվածում պահանջում են սերտ գործակցություն ԼՂՀ-ի քաղաքական ղեկավարության հետ: Բայց չճանաչված հանրապետության առաջին դեմքերին Բաքուն հետախուզում է հայտարարել և համարում է հանցագործ: Եռակողմ հայտարարության պայմաններով՝ խաղաղապահները տեղակայված են Ղարաբաղում 5 տարով՝ այդ ժամկետը ևս 5 տարով երկարացնելու հնարավորությամբ՝ երկու կողմերի համաձայնությամբ: Որպեսզի Ադրբեջանը չարգելափակի մանդատի երկարաձգումը, խաղաղապահները պետք է աշխատեն Ղարաբաղի հայաբնակ շրջաններում՝ չհարուցելով Բաքվի զայրույթը:


ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, մինչև պատերազմը Ղարաբաղի հարցով բանակցությունների գլխավոր միջազգային հարթակն էր: ՄԽ շրջանակներում պետք է լուծվի և անպատասխան մնացած հարցը՝ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասի հետ: Ադրբեջանը պնդում է, որ պետք է մտնի իր կազմի մեջ՝ առանց որևէ ինքնավարության: Հայաստանը կոչ է անում ճանաչել անկախ պետություն: Ռուսաստանը գտնում է, որ ՄԽ-ն պետք է շարունակի աշխատանքը: Բայց խմբի ռեալ ազդեցությունը կոնֆլիկտի կողմերի վրա դժվար է գնահատել՝ հրադադարը հաստատվել է առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, իսկ խաղաղապահները բացառապես ռուսներն են: Ավելին՝ Ադրբեջանը Ֆրանսիայի դիրքորոշումը համարում է հայամետ և և չի համարում չեզոք միջնորդ: ԱՄՆ-ը ավելի մեծ հարգանք է հարուցում, բայց վերջին տարիներին Հարավային Կովկասը քիչ էր հետաքրքրում Պետդեպարտամենտին:
Հումանիտար գլխավոր խնդիրները Ղարաբաղում՝ ինֆրակառուցվածքների վերականգնումը և փախստականների վերադարձն է: Բացի այդ՝ կոնֆլիկտը երբեք չի լուծվի առանց ռեալ հաշտության ու երկու ժողովուրդների երկխոսության: Երկու խնդիրներն էլ՝ տնտեսական օգնությունը և խաղաղարար ու քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունը, պահանջում են եվրոպական պետությունների ու ԵՄ կառույցների լուրջ ու երկարատև մասնակցությունը:
BBC


Հ.Գ. Պատկերն իսկապես հակիրճ է և առանցքային հարցերով: Փաստացի՝ Թոմաս դե Վաալը նաև լուծումներն է ուրվագծում՝ առանց մանրամասների՝ նշելով, որ Հարավային Կովկասը ԱՄՆ Պետդեպարտամենտի ուշադրությունից դուրս էլ մնացել վերջին տարիներին և ԵՄ-ն ու Եվրոպայի պետությունները լուրջ ու երկարատև աշխատանք ունեն անելու: Երեկ Եվրահանձնաժողովը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է տրամադրելու։ ԵՄ ջանքերով՝ 2020-ի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից, 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։ «Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ-ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության ազդակիր բնակչության աջակցությունը։ Այն կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ, նրանց ովքեր ունեն դրա խիստ կարիքը», նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։


Նոր օժանդակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան և հոգալ այլ կարիքներ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ և հոգեբանական աջակցություն ազդակիր բնակչության համար։ ԵՄ մարդասիրական օգնությունը տրամադրվում է հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։
Բայց ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությունը ավելի կարևոր է քաղաքական հարցերում՝ նախ ռազմագերիների վերադարձի, ապա՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի լուծման համար, որ ենթադրում է նաև վերջնական խաղաղության համաձայնագիր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 107691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ